Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անցյալի վախի վրա կառուցված Եվրոպան վախենում է ապագայից

Անցյալի վախի վրա կառուցված Եվրոպան վախենում է ապագայից
07.05.2019 | 12:41

Եվրոպայի ապաինտեգրման ռիսկը լիովին իրական է: Բայց ապաինտեգրում հասկացությունը տարբեր երկրներում տարբեր ընկալում ունի: Փարիզի ու Բեռլինի համար երկու արագություններ ունեցող Եվրոպան քայլ է դեպի ինտեգրում, մինչդեռ Արևելքը համարում է ընդհանուր նախագծի տրոհման սկիզբ: Նշանակությունը տարբերվում է նաև քաղաքական դիրքորոշումների տեսակետից՝ նշում է բուլղարացի քաղաքական վերլուծաբան, Սոֆիայի Լիբերալ մարտավարությունների կառավարման կենտրոնի նախագահ, Վիեննայի հումանիտար գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Իվան Կրաստևը Le Monde-ին հարցազրույցում:


«Ոչ մի նշանակալից քաղաքական ուժ Մեծ Բրիտանիայից դուրս, նույնիսկ եվրասկեպտիկները, այսօր Եվրամիության կործանման կոչ չեն անում: Բայց ինչպես տեսել ենք ԽՍՀՄ-ի կամ Հարավսլավիայի օրինակով, ապաինտեգրումը կարող է հանուն նորացման բարեփոխումների ու ընտելացման գործընթացի անսպասելի հետևանք լինել: Դա մի քիչ նման է բանկային ճգնաժամի, երբ ավանդատուների ՝ իրենց փողերը ցանկացած գնով վերադարձնելու խուճապը աղետի է հանգեցնում: Եթե եվրոպական կառավարությունները վախենան, որ Եվրոպան կտրոհվի ու սկսեն պաշտպանական քայլեր՝ վատագույնից խուսափելու հույսով, դա կարող է արագացնել տրոհումը»՝ գտնում է Իվան Կրաստևը: «ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը Բալթյան երկրների կամ Վրաստանի անկախությունը չէր: 1980-ականների վերջին Ռուսաստանը համարեց, որ արդեն իր շահերից չի բխում վճարել Կենտրոնական Ասիայի պետությունների համար և փորձեց ավելի միատարր միություն ստեղծել Բելառուսի ու Ուկրաինայի հետ: Դա էր ապաինտեգրման իրական ցատկահարթակը, որ ձևավորվել էր նախևառաջ որոշումներ ընդունողների գլխում, նաև հասարակական կարծիքով»՝ վերլուծում է Իվան Կրաստևը: «Եվրոպայում կարող է նույնը կատարվել, եթե մի օր Ֆրանսիան ու Գերմանիան որոշեն, որ ԵՄ-ն իր ներկա տեսքով այլևս չի համապատասխանում իրենց շահերին»՝ շարունակում է փորձագետը:
«Մարդկանց առաջվա պես անհանգստացնում է միգրացիայի հարցը, սակայն ուսումնասիրությունները վկայում են, որ այդ հարցն այլևս չի համարվում գլխավորը քվեարկության համար: Այսօր չկա որևէ մեծ կուսակցություն, որ սահմաններն ամբողջությամբ բացելու կոչ անի, հակառակը՝ բոլորը վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությունն են պնդում: Բացի այդ՝ եկողների թիվը նշանակալից կրճատվել է: Մյուս կողմից՝ ծայրահեղ կարևոր խնդիր է դարձել ժողովրդագրությունը՝ նախևառաջ Արևելյան Եվրոպայում: Երբ մարդկանց հարցնում են՝ ինչի՞ց են ավելի անհանգստանում՝ միգրանտների գալով, թե իրենց սեփական քաղաքացիների Արևմուտք գնալով, ճնշող մեծամասնությունը, բացառությամբ Չեխիայի Հանրապետության, առաջին հերթին տագնապում է երիտասարդների ու դիպլոմավոր մասնագետների Արևմտյան ու Հյուսիսային Եվրոպա գնալուց: Նման վախ կա և Իսպանիայում ու Իտալիայում»՝ արձանագրում է Կրաստևը:
«Սկզբում այդ Եվրոպայում տեղաշարժի ազատությունն ընկալվեց իբրև ազատագրում՝1989-ից հետո: Ցավոտ անցումային շրջանի մեջ ընկղմված պետությունների համար Արևմուտքի աշխատատեղերը ցնցող շանս էին թվում: Հիմա իրավիճակը փոխվում է: Նաև այն պատճառով, որ մեկնողները չափազանց մեծ թիվ կազմեցին: 10 տարում Ռումինիան կորցրեց բնակչության 20%-ը, համարյա այդքան՝ Բուլղարիան»՝ նշում է Իվան Կրաստևը: «Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրները հիմնականում ոչ մեծ պետություններ են ոչ վաղուցվա սահմաններով, որ խիստ փոփոխվել են վերջին 100-ամյակում: Նրանց բնակիչները տարեցներ են, որովհետև երիտասարդները հեռացել են ու նրանք վախենում են, որ մի օր այլևս ոչ ոք իրենց լեզվով չի խոսի: Լեհաստանում ու Ռումինիայում բնակչության մեծամասնությունը կառավարությանը աջակցության պատրաստակամություն է հայտնում, եթե կբարդացնի աշխատանքային միգրացիայի պայմանները»՝ բացատրում է Իվան Կրաստևը: «Փիլիսոփա Կառլ Յասպերսը \1883-1969\ հրաշալի մեկնություն է տվել հայրենիքին՝ վայր, որը դուք հասկանում եք և զգում եք, որ հասկանում են ձեզ: Դա է եվրոպական խնդիրների մի մասը՝ ոչ ոք չի զգում, որ իսկապես հասկանում է և շատերն զգում են, որ իրենց ճիշտ չեն հասկանում: ԵՄ 28 երկրներում Բերտելսմանի հիմնադրամի ուսումնասիրություններով՝ եվրոպացիների 67% գտնում է, որ առաջ ավելի լավ էր:

Նոստալգիայի մակարդակը համարյա հավասար է տարիքային բոլոր խմբերում: Բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովը այդ թեմայով վեպ է գրում: Եթե մենք չենք կարողանում պայմանավորվել Եվրոպայի ապագայի շուրջ, եկեք միասին որոշենք՝ ոչ վաղ անցյալի որ պահն ենք ուզում վերադառնալ: Բոլորը համաձայնել են՝ 1989-ին, երբ վիթխարի հույսեր էին կապում Արևելքի ու Արևմուտքի հետ: Եվրոպան կառուցվել է իր անցյալից վախի վրա՝ երկու համաշխարհային պատերազմներից հետո: Հիմա սկսում է վախենալ ապագայից»՝ վերլուծում է Կրաստևը: «Ծայրահեղ աջերի միավորումը հնարավոր է, բայց միայն մակերեսային: Եթե խոսենք քաղաքական հարցերից, օրինակ, իտալացի Մատեո Սալվինիի ու լեհ Յարոսլավ Կաչինսկու միջև ոչ մի ընդհանրություն չկա: Նրանք համամիտ են, երբ ասում են, որ պետք չէ միգրանտներին երկիր թողնել, բայց դա չի վերաբերում այն միգրանտների հարցերի լուծմանը, որ արդեն Իտալիայում են: Նույնը վերաբերում է քաղաքականությանը, որ պետք է վարել Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում: Դա ինձ հիշեցնոմ է շվեյցարական մի անեկդոտ՝ երեք տղեկ՝ ֆրանսիացի, գերմանացի ու շվեյցարացի, քննարկում են՝ որտեղից են հայտնվում երեխաները: «Երկնքից» ասում է գերմանացին: Ֆրանսիացին ծիծաղում է՝ «Ննջարանից»: Շվեյցարացին զայրանում է՝ «Մի ընդհանրացրեք, տարբեր կանտոններում տարբեր տեղերից»: Եվրոպայում նույնն է կատարվում՝ տարբեր երկրների պոպուլիստական կուսակցությունները տարբերվում են իրարից»՝ եզրափակում է Կրաստևը:
Ալեն Սալ, Մարկ Սեմո, Le Monde


Հ.Գ. Փաստորեն՝ մենք ոտքից գլուխ եվրոպացի ենք՝ լիովին եվրոպական խնդիրներով՝ ժողովրդագրության տեսակետից: Մի բացառությամբ՝ մենք չենք վախենում, որ մի օր մեզ հետ կդադարեն հայերեն խոսել: Մենք եվրոպացի ենք նաև հայրենիքի ընկալման տեսակետից՝ վայր, որը հասկանում ենք, բայց չենք զգում, որ մեզ հասկանում են: Աշխատանքային միգրացիան դատարկել է նաև Հայաստանը: ՀՀ մշտական բնակչության թիվը 2019-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 962.1 հազ. մարդ, քաղաքայինը` 1 893.4 հազար մարդ և գյուղականը` 1 068.7 հազար մարդ՝ տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական կոմիտեն։


2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ բնակչության թիվը նվազել է 7,8 հազարով։ Տարվա սկզբի համեմատ՝ բնակչության թիվը նվազել է 3,2 հազարով։
2019-ի առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 8042 ծնունդ, որ 3,1%–ով ավելի քիչ է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում մահացությունների թիվն աճել է 3,4%–ով՝ կազմելով 7 373։
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ արտագաղթ չկա: Եթե չկա, տարվա սկզբի համեմատ ինչու՞ է բնակչությունը պակասել 3,2 հազարով: Ժողովրդագրական պատկերի փոփոխության միակ միջոցը աշխատատեղերի ստեղծումն է: Ծնելիության ավելացման ու մահացության կրճատման տարբերակը միայն ժամանակի մեջ է երևում, առավելևս, որ և ծնելիության նվազում, և մահացության աչ ունենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.